Դաս 8

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ
Anatomy.jpg
 
Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։
Ոսկրահյուսվածք
 
Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
 
stroenie-kostei-cheloveka.jpg
 
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
 
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:
 
Ուշադրություն
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները  խողովակավոր, տափակ և սպունգանման (խառը)։
Խողովակավորերկար ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուրը կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչը։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
 
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) ևկարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
 
Սպունգանման (խառը) ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
 
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր):
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։
 
  
18009960_656659744539063_1646731505_n.jpg

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment