ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.
– Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Այս առակը կարդալով ես հասկացա,որ կյանքում միայն արտաքին գեղեցկությամբ ոչնչի չես հասնի։Շատ ավելի կարևոր է ունենալ ներքին գեղեցկություն և մաքրություն ,քանի որ արտաքին գեղեցկությունը միայն առաջին հայացքից է գրավիչ իսկ հետո շփվելուց հտո քիչ քիչ կբացահայտվի նրա իսկական գեղեցկությունը։

Առակս ինչ կցուցանե, որ ավելի լավ է լինել մաքուր և բարի սրտով,քան գեղեցիկ արտաքինով, բայց չար հոգով։

Անխելք մարդը

Հովհաննես Թումանյան
Չախչախ թագավորը →

 ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

Այս մարդը իր անխելքության և անուշադրության պատճառով էլ աղքատ էր։Դրա համար էլ այս հեքիաթը կոչվել է Անխելք մարդը։Այդ մարդը անխելք էր Աստված իրեն հատուկ ասեց,որ ծառի տակ ոսկի կա, որ գնա վերցնի հարստանա, հատուկ ասեց,որ աղջիկը պետք է ամուսնանա, որ գնա ամուսնանա։ Աստված ամեն ինչի մասին մտածել էր իսկ այդ մարդը բոլորին ասում էր․

-Աստված ինձ բախտ է տվել, ժամանակ չունեմ ես գնամ բախտիս հետևից։

Բայց իրականում բախտը իր կողքից վազելով անցնում էր իսկ նա չէր նկատում։

Այս հեքիաթի իմաստն այն էր, որ մարդիկ ընկնելով իրենց երազանքների հետևից չեն նկատում այն ինչ իրականում ունեն։

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

Posted on 

tumanyan

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

Շատ հետաքրքիր էր այս ամեն ինչը կարդալ և իմանալ մեծն բանստեղծի մանկության պատմությունը ինձ համար ամենա զարմանալին դա այն էր, որ նախկինում ուսուցիչները իրավունք են ունեցել շատ խիստ վարվել երեխաների հետ նաև ծեծել են, պատժել են ։Իսկ հիմա այդպես չէ և նաև մեր դպրոցում մեր ուսուցիչները մեր ընկերներն են և դա ավելի հաճելի է։Շատ հետաքրքիր էր նրա մոր կերպարը,թե ինչպես էր ներկայացնում Հովաննես Թումանյանը։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment