Անհնարին բան չկա

Լինում է, չի լինում, մի տղա է լինում, ով ունենում է հիվանդ մայրիկ և երբ նրանք գնում են հիվանդանոց պարզելու, թե ինչպես է իր մայրիկը, բժիշկը ասում է․
-Մայրիկիդ բուժելու համար մեզ հարկավոր է ջրաշուշան, բայց մի խնդիր կա,ջրաշուշան չկա այլևս աշխարհում, իսկ առանց դրա մենք չենք կարող օգնել քո մայրիկին։
Տղան հուսահատվեց՝ ինչպես բոլոր սովորական մարդիկ, բայց հետո տեսնելով իր մոր, արդեն ծերացած դեմքը, հասկացավ, որ ոչ մի անհնարին բան չկա։
Տղան հավաքեց իր բոլոր ուժերը և գնաց փնտրելու ջրաշուշան, նա հարցրեց բոլորին, ման եկավ, ման եկավ, բայց ոչ մի հատիկ անգամ չկարողացավ գտնել։ Նա հուսահատված նստեց գետնին և չկարողանալով պահել իր տխրությունը ու սկսեց լաց լինել, կարծես այդ պահին Աստված լսեց տղայի լացը, և չեք պատկերացնի, բայց երբ արցունքը կաթաց չորացած , բայց շատ կախարդական հողի վրա, սկսեց ջրաշուշան աճել, տղան զարմացավ և վախեցավ։Բայց հետո հասկացավ, որ եթե մի բան իսկապես ես ուզում և հավատում ես քո ուժերին, ապա կկատարվի այն, ինչ ուզում ես։

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
Չունեմ անծանոթ բառեր
2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք, ընդհարվել, մրրիկ,  ճառագայթ, ց, գաղտագողի, աստիճանաբար:
դեպք-պատահար
ընդհարվել-զարնվել
մրրիկ-քամի
ճառագայթ-շող
ամայի-անշեն
գաղտագողի-Գաղտնի
աստիճանաբար-հաջորդաբար

Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;

իրանիշ-Վաղուց,շատ,երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար, Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

անձնանիշ-Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով,կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
    ԲՈԼՈՐՆ ԷԼ ԸՆՏՐՈՒՄ ԵՄ, քանի որ այս բոլոր նախադասություններն էլ լիովին նկարագրում են այս պատմվածքը։


Վրթանես Փափազյան: Առյուծի մահը

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

— Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը
:

Գոռ- Ահեղ, ահավոր:
2. Խրոխտ, հպարտ, սեգ:
Համրաբար-կամաց
Ճիգ-ջանք
Ոստոստել-Շարունակ՝ հաճախակի ոոստյուններ գործել, անընդհատ ոստնել:
Անհուն-անեզր
Սրընթաց-արագ
Մագլցել-բարձրանալ
Գամել-Բևեռել, մեխել
Խորհել- Մտածել, խորհրդածել
Նշմարել-տեսնել
Խրոխտ-Անվեհեր, համարձակ
Հանդուգն-համարձակ
Ի դերև հանել-Ապարդյուն դարձնել, ձախողել:
Նկուն-Վհատված, վհատ, խեղճ:
Ունայն-Դատարկ, սնոտի
Անհագ-Չհագեցող, չկշտացող
Սևեռել-Բևեռել, գամել
Հեղձուցիչ-Խեղդող, խեղդիչ
Ճղճիմ-տկար
Լուտանք-նախատիտ

1, Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
Չի կարելի մարդու հաճույքի համար կենդանիներին զտել ազատությունից։

2. Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:

Ոչ,նա նրան շատ էր գերադասում, ես չէի ուզենա իր հետ ընկերություն անեի։Երևի որ նա մարդ լիներ, նա կլիներ շատ ագահ։

3. Ստեղծագործական աշխատանք` Ինչ է ազատությունը կամ Ազատության գինը:

Ազատության գինը
Կյանքը ազատություն է,մենք բնության մի մասնիկն ենք և կենդանիներն էլ, բոլորը պետք է ապրեն ազատության մեջ, բայց մարդիկ չեն թողնում կենդանիներին ապրել ազատ։
Ստեղծվում են գազանանոցներ մարդկանց կողմից,մարդիկ առանց մտնելու կենդանու դրության մեջ անում են այն, ինչ ուզում են։Դա շատ սխալ, մի՛ զրկեք կենդանիներին ազատությունից։