Չարենցյան օրեր

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի1 ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…


Եղիշե Չարենց. Քամին

ՔԱՄԻՆ

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցնում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկաթաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճիչով.-

Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

Առաջադրանքներ:
1. Ընդգծիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամուն:

2. Ընդգծիր այն հատվածները, որոնք նկարագրում են քամուն:

3. Ինչպե՞ս է հեղինակը ներկայացնում փողոցը, քաղաքը, ծառերը:

Փողոցի նկարագրությունը բանաստեղծությունում՝

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քաղաքի նկարագրությունը բանաստեղծությունում՝

Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Ծառերի նկարագրություն՝

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճիչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք…


4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:

Այս բանաստեղծությունը զգացմունքային է և փոխանցում է նաև տխրություն նույնպես։ Խոսվում է մուգ քաղաքի և փողոցների մասին, ծերացած ծառերի, ծուռ ու չորացած։Տխուր, զգացմունքային երգ, որով կարծում եմ որ Չարենցը կիսվել է իր զգացմունքներով և ։


5. Ի՞նչ համեմատություններ է գործածել հեղինակը, առանձնացրու դրանք:

Ստեղծագործության մեջ համեմատությունները գործածված են բնության մարմինների հետ։Շատ գեղեցիկ համեմատություններ էին, ընդհանրապես այս ստեղծագործությունը օգտագործված է փոխաբերական իմաստով և համեմատությունները նույնպես։