Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Ավարտվեց առաջին ուսումնական շրջանը, երևի ինձ հետ համաձայն եք, որ այն շատ արագ անցավ, բայց նաև հեքիաթային, քանի որ ունեցանք շատ գիտելիքներ։

Այս ամիսը շատ հեքիաթային և նախագծերով լի ամիս էր։Մենք կարդացինք շատ պատմություններ, իհարկե ամանորյա, արդեն ունենք ամանորյա տրամադրություն և սիրով սպասում ենք, թե երբ է գալու այդ հրաշալի օրը, երբ բոլորը անհոգ են և ուրախ։
Ունեմ բոլոր աշխատանքները և գրականություն առարկայից և հայոց լեզվից։Այս ամիս աշխատել եմ բավականին լավ։
Այսքանը բոլորիս գալիք Ամանորը շնորհավորում եմ։

Ամփոփում նոյեմբեր
Գրականության ամփոփում

Գրականության ամփոփում

Կարդացած նյութեր՝
Նամակ Սանտա Կլաուսից
Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ
Սուրբծննդյան օրվա առավոտը
Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Նախագծեր՝
«Մի նվերի պատմություն»
Ամանորյա բանաստեղծություններ՝տեանյութ
Հացը, Ամանորը ՝ տեսանյութ
Հացը` ամանորյա խորհրդանիշ


Հայոց լեզվի ամփոփում՝
Ածականի համեմատության աստիճանները, 16.12
Ածական, լրացուցիչ առաջադրանք
Ածականի տեսակները
Ածականի կազմությունը, 09.12
Ածական անուն
Լրացուցիչ աշխատանք
Գործնական աշխատանք




Կաղանդի գիշեր

Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն
Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին…

Մայրիկիդ նամակում մի երկու բառ կար, եթե ճիշտ հասկացա, «տիկնիկի հագուստներով լի կապոցի»-ի մասին էր խոսքը, այո՞: Այս առավոտ մոտավորապես ժամը իննին ես ձեր խոհանոցի դռան մոտ  կլինեմ տեղեկանալու համար: Բայց քեզանից բացի որևէ մեկին չպետք է տեսնեմ, և չպետք է խոսեմ ոչ մեկի հետ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջին պետք է փակ աչքերով ուղարկեք դռան մոտ: Պետք է ասեք նրան, որ առանց խոսելու քայլի ոտնաթաթերի վրա, հակառակ դեպքում մի օր նա կմահանա: Այնուհետև դու պետք է բարձրանաս մանկասենյակ և կանգնես աթոռի վրա կամ դայակի մահճակալին ու ականջդ դնես խոսափողին, որը հասնում է մինչև խոհանոց, և երբ ես սուլեմ խոսափողի մեջ, պետք է ասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»։ Հետո ես կհարցնեմ, արդյո՞ք դա քո պատվիրած կապոցն է:
Եթե ասես՝ այո, ես կհարցնեմ ձեզ, թե ինչ գույնի կապոց ես ուզում… հետո պետք է մանրամասն նկարագրես այն ամենը, ինչ ուզում ես, որ լինի կապոցում։ Հետո երբ ասեմ՝ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրիկ Սյուզի Կլիմենս», պետք է պատասխանես. «Ցտեսություն, իմ բարի ծեր Սանտա Կլաուս, շատ շնորհակալ եմ»: Այնուհետև պիտի իջնես գրադարան և ասես Ջորջին, որ փակի բոլոր դռները, որոնք տանում են գլխավոր սրահ, և բոլորը պետք է մի պահ լռեն: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բաները ու մի քանի րոպեից ներքև կիջնեմ հյուրասրահի բուխարու ծխնելույզով, եթե դա ձեր ուզած կապոցն է, քանի որ, ինչպես գիտես, չեմ կարող մանկասենյակի ծխնելույզից ներքև իջեցնել այնպիսի մեծ բան, ինչպիսին կապոցն է…

Եթե ես միջանցքում ձյան հետքեր թողնեմ, ասեք Ջորջին, որ ավլի այն ու լցնի բուխարու մեջ, քանի որ ես ժամանակ չեմ ունենա: Ջորջը չպետք է ցախավելով ավլի, այլ փալասով սրբի, այլապես մի օր կմահանա…Եթե իմ ոտնահետքը մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է այն մաքրի, թողեք  մնա որպես իմ այցի հիշատակ։ Երբ էլ որ նայես դրան կամ ցույց տաս որևէ մեկին, այն քեզ կհիշեցնի, որ դու փոքրիկ լավ աղջիկ ես։

Ցտեսություն մի քանի րոպեով, մինչև իջնեմ աշխարհ և հնչեցնեմ խոհանոցի դռան զանգը:
Քեզ սիրող Սանտա Կլաուս, ում մարդիկ երբեմն կոչում են նաև «Լուսնաբնակ մարդ»:

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Սա եղել է մի քանի տարի առաջ։ Բոլորը պատրաստվում էին տոնել Սուրբ Ծնունդը, տոնածառ ու նվերներ  էին պատրաստում։ Եվ ես մենակ էի օտար երկրում, ոչ ընտանիք, ոչ ընկեր, և ինձ թվում էր, թե ես լքված ու  մոռացված եմ բոլոր մարդկանց կողմից: Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար՝ հեռավոր քաղաք, անծանոթ մարդիկ, քար սրտեր։ Եվ այսպես, հոգեվարքի ու հուսահատության մեջ ես հիշեցի հին նամակների մի կապոց, որը կարողացել էի  փրկել մեր սև օրերի բոլոր փորձություններով անցնելիս։ Ես այն հանեցի իմ ճամպրուկից  և նրա միջից գտա այս նամակը։
Դա իմ հանգուցյալ մոր նամակն էր՝ գրված 27 տարի առաջ: Ի՜նչ երջանկություն է, որ ես հիշեցի նամակի մասին:

«Ի ՛մ թանկագին զավակ, Նիկոլենկա. Դու ինձ բողոքում ես քո մենակությունից,  եթե դու  իմանայիր, թե որքան տխուր ու ցավալի են քո խոսքերն  ինձ համար։ Ի՜նչ ուրախությամբ կգայի քեզ համոզելու, որ դու մենակ չես և չես կարող մենակ լինել։ Բայց դու գիտես՝ ես չեմ կարող հեռանալ հայրիկից, նա շատ է տառապում, և ամեն րոպե կարող է ունենալ խնամքի կարիք: Իսկ դու պետք է  պատրաստվես  քննություններին և  համալսարանն ավարտես: Դե, թույլ տուր գոնե պատմեմ, թե ինչու ես երբեք միայնակություն  չեմ զգում։
Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այդպես է լինում նաև մեզ՝ մարդկանց հետ: Ով սիրում է, նրա սիրտը ծաղկում է և անուշ բուրում,  նա նվիրում  է իր սերը ճիշտ այնպես, ինչպես ծաղիկը՝  իր բույրը: Այդ դեպքում  նա մենակ չէ, քանի որ իր սիրտը նրա հետ է, ում սիրում է, ում մասին մտածում է, հոգ  տանում, ուրախանում նրա ուրախությամբ և տառապում նրա տառապանքներից։ Նա նույնիսկ ժամանակ չի ունենում  միայնակ զգալու կամ  անգամ մտածելու,որ  ինքը միայնակ է, թե՞ ոչ։ Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:
Ես արդեն տեսնում եմ քո հարցում ունեցող  կապույտ աչքերը և լսում  քո հանգիստ առարկությունը, թե դա միայն երջանկության կեսն է, որ կատարյալ   երջանկությունը ոչ միայն սիրելու, այլև սիրված լինելու մեջ է: Բայց այստեղ մի փոքրիկ գաղտնիք կա, որը ես քո  ականջին կշշնջամ՝ ով իսկապես սիրում է, չի խնդրում և չի խնայում։ Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը: Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…
  Ո ՛չ, սիրելիս, սերը պետք է ազատորեն հոսի սրտից, և կարիք չկա անհանգստանալ փոխադարձության համար: Պետք է մարդկանց արթնացնել քո սիրով, պետք է սիրել նրանց և դրանով  սիրելու կոչել։ Սիրելը կես երջանկություն չէ, այլ՝ լիակատար երջանկություն։ Պարզապես ընդունիր  դա, և քո շուրջը  հրաշքներ կծնվեն: Հանձնվիր սրտիդ հոսանքին, թող քո սերը ճախրի  ազատ, թող նրա ճառագայթները փայլեն ու ջերմանան բոլոր ուղղություններով: Այդ ժամանակ դու շուտով կզգաս, որ փոխադարձ սերը ամեն  կողմից  հոսում է դեպի քեզ։ Ինչո՞ւ։ Որովհետև քո անմիջական, ակամա բարությունը, քո  անընդհատական  ու անշահախնդիր սերը մարդկանց մեջ աննկատելիորեն բարություն և սեր են առաջացնում:։
 Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Նիկոլենկա , երեխաս: Մտածի ՛ր այդ մասին և հիշի ՛ր իմ խոսքերը հենց որ նորից քեզ  մենակ զգաս։ Հատկապես, երբ ես երկրի վրա չեմ լինի : Եվ  հանգիստ եղիր ու  վստահելի, քանի որ Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:
Մենք՝ երկուսս էլ՝  հայրիկը և ես,  քնքշորեն գրկում ենք քեզ:
Քո մայր:
Շնորհակալ եմ քեզ, մայրիկ: Շնորհակալություն սիրո և սփոփանքի համար։ Գիտե՞ս, ես միշտ արցունքն աչքերիս եմ  կարդում  քո նամակը։ Եվ նամակը կարդալու ավարտին  սկսվում է Սուրբ Ծննդյան երեկոյան ժամերգությունը։
Օ՜, անարդարացի երկրային երանություն:


Թարգմանությունը՝ Կարինե Պետրոսյանի

Աղբյուրը

«Մի նվերի պատմություն»

Ամանոր էր, բոլորը երազում էին տարբեր իրերի մասին, ինպես նաև Մանեն երազում էր ունենալ գեղեցիկ տիկնիկ, իր ծնողները որոշում են կատարել փոքրիկ աղջկա երազանքը և գնում են տիկնիկ։ Նա չափազանց ուրախանում է, սկսում է ուրախությունից ցատկոտել, ծնեղները նույնպես իրենց լավ են զգում տեսնելով իրենց երեխայի ժպիտը։Նա ուրախությամբ դուրս է գալիս տիկնիկն էլ ձեռքը, պատի տակ մի աղջիկ է նստած լինում, որը շատ սոված է լինում և հիվանդ։Մանեն տեսնելով աղջկան մոտենում է և բարեհամբյուր հարցնում, թե ինչ է պատահել, իսկ աղջիկը պատասխանում է․
-Դրսում ցուրտ է իսկ ես այնքան եմ այստեղ նստել, որ հիվանդացել եմ, ինձ ոչ ոք չի սիրում և ոչ մեկ ինձ անակնկալ չի ուզում մատուցել,-ասաց աղջիկը, որը գրեթե լալիս էր
Մանեն տեսնելով աղջկա տխրությունը, մտնելով իր իրավիճակի մեջ, մտածում է, որ ճիշտ կլինի աղջկան նվեր տալ և ասում է․
-Լսիր, ես եմ քեզ սիրում, ահա այս նվերը քեզ, Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ,-Մանեն տիկնկը տալով հեռանում է , ճիշտ է նա էլ էր շատ ուզում այդ տիկնիկը բայց նա իրեն ավելի լավ զգաց ուրիշին նվեր տալուց։
Օգնեք բոլորին, քանի որ բոլորս մարդ ենք և միմիանց օգնությունը չի խանգարի։Եղեք բարի, ցանկացեք ուրիշին նույնպես լավը, մի եղեք էգոիստ։

Սուրբծննդյան օրվա առավոտը

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:

Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.

– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:

– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:

– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:

Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:

Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տաս-սենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:

-Հայրի’կ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:

-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:

Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…

Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:

Երևի թե քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնացած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սան-դուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ, դեռ շուտ էր:

Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:

– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:

Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրափրալից ու բուրումնավետ:

Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:

Վերադառնալով իր սենյակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.

– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:

– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:

Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:

– Ռո’բ…

– Այո, հայրի’կ…

Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.

– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը:

– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:

Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:

– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…

– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:

Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բերելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.

– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղա’ս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:

Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:

Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում, և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.

«Իմ թանկագին սեր…»:

Հեղինակ՝ Փիրըլ Ս. Բաք

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Անծանոթ բառեր չունեմ։

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.

«Իմ թանկագին սեր…»:

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիք։

Ընդհանրապես պետք է գնահատել ամեն ինչ, ցանկացած մարդու արարք, քանի որ նա քեզ համար տանջվել է։Եվ կապ չունի հենց ում այս պատմության մեջ ծնողներն էին այդ դերում։

5․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։

Նվեր տալը իրականում շատ հրաշալի երևույթ է և այն պետք է անել միանշանակ սիրով ։Նա ամանորի անբաժան մասն է, երբ միմիանց նվերներ ենք հանձնում։Ես գիտեմ, որ ցանկացած դասարան խաղացել է Secret santa և դրանից ուղակի հաճույք է ստացել։Ուրիշին նվեր տալը և տեսնելը նրա ուրախությունը, դա շատ մեծ բան է։

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Բոլորս էլ հավատում  ենք Ձմեռ պապի գոյությանը: Այն հարցը, թե ով է Ձմեռ պապիկի նախնին, շատ վիճելի է: Նշենք սակայն, որ բոլորին հայտնի է, որ  Ձմեռ պապիկների բնակավայրը  Լապլանդիան է: Մի երկրում ձմեռ պապիկի նախնիները համարվում են տեղական գաճաճները, մեկ այլ երկրում` միջնադարյան շրջագայող ձեռնածուները,  իսկ մյուսում` մանկական  խաղալիքներ վաճառողները: Ձմեռ պապի կերպարը ձևավորվել է դարերի ընթացքում, և յուրաքանչյուր ազգ նրա մեջ է ներառել իր սովորույթներից ինչ-որ բան: Ձմեռ պապի կերպարների մեջ տարբերակվում է նաև միանգամայն իրական մարդու կերպար: Ձմեռ պապին ամենուր  տարբեր կերպ են անվանում:
Հայերը` Ձմեռ պապ կամ Կաղանդ պապ, ռուսները` Դեդ  Մորոզ, ֆինները` Յոուլուպուկկի, կարելները` Պակկայնե,  անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս,  լիտվացիները՝ Սյանիս Շալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել,  իտալացիները` Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները` Վասիլ, ադրբեջանցիները` Շախտա Բաբա, վրացիները` Թովլիս Բաբուա, ղազախները՝`Այազ Աթա, թուրքերը` Նոել Բաբա և այլն:
Ռուսաստանում նրա նախնին համարվել է արևելասլավոնական սառույցի հոգին: Այդ ժամանակվանից,երբ Ռուսաստանում սկսել են նշել Նոր տարին, տներում հայտնվում էր ծեր պապիկը` մորուքով և երկարաճիտ կոշիկներով: Մի ձեռքով նա բռնում էր պարկը` նվերներով լի, իսկ մյուսով`  իր  փայտը:  Ժամանակի ընթացքում Ձմեռ պապը թոռնիկ ունեցավ`Ձյունանուշիկին, որն էլ օգնում էր նրան բաժանել նվերները և պատմել հեքիաթներ: Ձմեռ պապիկի  զգեստը նույնպես միանգամից  չի առաջացել: Սկզբում նրան պատկերացնում էին  թիկնոցով: 19-րդ դարի սկզբներին  Հոլանդիայում  նկարեցին նրան բարեկազմ` խողովակավոր ծխնելույզին, որտեղից նա  նվերներ էր  գցում  երեխաներին: Նույն դարի վերջերին նրան հագցրեցին  կարմիր գույնի մուշտակ `մորթիով: Եվ  վերջապես անգլիացի Տենիլը ստեղծեց բարեհոգի ծերուկի կերպարը, որն այսօր հայտնի է բոլորին` մեկին` ՍանտաԿլաուս, մյուսին` Ձմեռ պապ անվանումով: Ի դեպ, նշենք նաև, որ գոյություն ունի նույնիսկ Ձմեռ պապերի ակադեմիա:Իսկական Ձմեռ պապը գիտի բազմաթիվ հումորներ և անեկդոտներ, հանելուկներ և խաղեր, երգ ու պար: Կեսգիշերի 12 զանգերի  ընթացքում նա հասցնում է մտնել բոլոր տները և դնել  նվերները բարձերի տակ, տոնածառի տակ և  ամենաանսպասելի տեղերում: Ամբողջ տարին մինչ ամանորյա գիշերը նա ապրում է հեռավոր հյուսիսում: Ու թեև ոչ բոլորն են հավատում,որ Ձմեռ պապիկ գոյություն ունի,բայց յուրաքանչյուրն էլ ուրախանում է` տեսնելով  այդ բարի ծերուկին, որը, չնայած իր տարիքին, պարում է, ուրախացնում բոլորին:
Ի դեպ, գյումրեցիները հայտնաբերել են Հայաստանի Ձմեռ պապի բնակության վայրը: Նրանք հայտարարել են, որ  հայ Ձմեռ  պապը բնակվում է Շիրակի մարզի Ամասիայի շրջանում: