Կիլիկյան Հայաստան։Հայերը Կլիկիայում՝ Առաջադրանք 1

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիայի բարենպաստ բնակլիմայական պայմանները հնարավորություն էին տալիս զարգացնելու երկրագործությունը և անսնապահությունը։Առաջնակարգ տեղ ունեին հացահատիկային բույսերի մշակումը և այգեգործությանը։Դաշտային Կիլիկիայի որոշ շրջաններում մշակում էին նաև մերձարևադարձային բուսատեսակներ։

Cilician_Armenia-hy.svg.png

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:


XI դ. կեսերից հայ բնակչության զանգվածային արտագաղթ է սկսվում՝ կապված թուրք–սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության հետ: Հայաստանից արտագաղթեց նաև Արծրունիների և Բագրատունիների մի մասը: Արդեն XI դ. երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք ընկած հայաբնակ շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում նաև Կիլիկիայի, Կապադովկիայի, Ասորիքի և Հյուսիսային Միջագետքի մի շարք գավառներում: Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ-թուրքերը: Սակայն Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից՝ թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել հայկական իշխանությունը:

Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց: Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկների մի մասը հաստատվեց Փոքր Ասիայում և ստեղծեց Իկոնիայի սուլթանությունը: Վերջինս և Փոքր Ասիայում հաստատված թուրքական տարբեր ցեղեր դարձան Կիլիկիայի համար վտանգավոր հարևաններ:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Թորոս Առաջինը՝

Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս Ա-ն (1100-1129), որը, շարժվելով դեպի հարավ, գրավեց Սիս և Անաբարզա քաղաքները: Թորոսն ամրացրեց Անաբարզան և դարձրեց իր իշխանության մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին:

Լևոն Առաջինը՝

Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն Ա-ն (1129-1137), որը ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերն ստիպված եղան բախվել բյուզանդացիների և խաչակիրների հետ: Օգտվելով բյուզանդացիների և խաչակիրների հակասություններից՝ Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիսը, Ադանան և Տարսոնը: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ հարավում դուրս գալ Միջերկրական ծով:

Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով Լևոնը գրավեց Սարվանդիքար բերդաքաղաքը, ինչը Անտիոքի դքսության և Ռուբինյան իշխանության միջև պատերազմի պատճառ դարձավ: Խաչակիրների և հայերի պայքարից փորձեցին օգտվել սելջուկները: Նրանք արշավեցին ու ավերեցին երկու երկրների սահմանամերձ տարածքները: Սակայն Կիլիկիայի և Անտիոքի միջև մղվող պայքարը շուտով դադարեց: Հայտնվել էր մի նոր ընդհանուր թշնամի, որը երկուսին էլ հավասարապես սպառնում էր: Դա Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսն էր, որը ծրագրել էր նվաճել Կիլիկիան և Անտիոքը:

Թորոս երկրորդը՝

Թորոս Բ-ն փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա ազատագրեց Վահկան, Անաբարզան, Մսիսը և Տարսոնը: Այսպիսով, հայերին կրկին հաջողվեց իրենց իշխանությունը հաստատել Կիլիկիայի մեծ մասում և վերականգնել Ռուբինյան իշխանությունը: Կիլիկիան գրավելու Բյուզանդիայի հետագա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ:

Կիլիկիայի հայկական պետությունն ստեղծեց 30-հազարանոց մշտական բանակ: Մեծապես բարձրացավ Թորոս Բ-ի հեղինակությունը: Նրա կարևոր ձեռնարկումներից էր հայոց կաթողիկոսական աթոռը Հռոմկլա բերդաքաղաք տեղափոխելը, ուր այն մնաց մինչև 1292թ.:

Մլեհ՝

Թորոս Բ-ին հաջորդեց նրա եղբայր Մլեհը (1169-1175): Մլեհի իշխանության սկզբում Դաշտային Կիլիկիայի արևելյան մի քանի շրջաններ դեռևս գտնվում էին խաչակիրների, իսկ արևմտյան որոշ գավառներ՝ Բյուզանդիայի ձեռքում: Երկրի պաշտպանության և հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել բյուզանդացիներից ու խաչակիրներից: Այս դժվարին խնդիրը կյանքի կոչելու համար Մլեհը՝ նոր քաղաքականություն վարելով, դաշնակցեց Հալեպի մահմեդական ամիրայի հետ: Այդ ճանապարհով Մլեհը խաչակիրներից հետ վերցրեց Կիլիկիայի արևելքում գտնվող կարևորագույն բերդերը, իսկ այնուհետև Բյուզանդիայից ազատագրեց Ադանան, Մսիսը և Տարսոնը՝ իրենց ծովափնյա շրջաններով: Հայկական իշխանությունն իր վերահսկողությունը հաստատեց առևտրական կարևոր ճանապարհների վրա: Մլեհը փորձեց իր իշխանությանը միացնել նաև Հեթումյաններին պատկանող Լամբրոն բերդը, սակայն հաջողության չհասավ: Մլեհ իշխանը բարեկարգեց Սիս քաղաքն ու այն դարձրեց Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք: Նրա քաղաքականությունը և բարեփոխումները մեծապես նպաստեցին Կիլիկյան Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հզորացմանը: Սակայն Մլեհի քաղաքականությունից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, 7-րդ դասարան, դասագիրք, էջ 123-130, համացանց:

Հավելյալ տեղեկություններ՝

Կիլիկիայի հայկական պետության մեծ իշխանների գահացանկը՝
Ռուբեն Ա (1080–95 թթ. ), Կոստանդին Ա (1095–1100 թթ.), Թորոս Ա (1100–29 թթ.), Լևոն Ա (1129–37 թթ.), Թորոս Բ (1145–69 թթ.), Ռուբեն Բ (1169 թ.), Մլեհ (1169–75 թթ.), Ռուբեն Գ (1175–87 թթ.), Լևոն Բ (1187–98 թթ.)

Թագավորների գահացանկը՝
Լևոն Բ (1198–1219 թթ.), Զաբել (1219–22 թթ.), Ֆիլիպ (1222–25 թթ.), Հեթում Ա (1226–69 թթ.), Լևոն Գ (1269–89 թթ.), Հեթում Բ (1289–96, 1299–1301 թթ.), Սմբատ (1296–98 թթ.), Կոստանդին Բ (1298–99 թթ.), Լևոն Դ (1301–08 թթ.), Օշին Ա (1308–20 թթ.), Լևոն Ե (1320–42 թթ.), Գվիդոն կամ Կոստանդին (1343–44 թթ.), Կոստանդին Դ (1345–63), Կոստանդին Ե (1365–73 թթ.), Լևոն Զ  (1374–75 թթ.)

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment