Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նա եղել է հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ ու հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։ 

Այսօր կուզեի մի փոքր ուսումնասիրեինք՝
՛՛ՄԵԾԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ՛՛ թեմայով

Մեր նորահաս բանաստեղծների մեջ Հովհաննես Թումանյանը միշտ բարձր է ամենքից էլ և ունի փայլուն ապագա․․․ նա ունի բարձրաթռիչք երևակայություն, ճոխ և սահուն լեզու, խորաթափանց զննողություն և այն բոլոր հոգեբանական առանձնահատկությունները, որոնք պետք են մի ապագա ինքնուրույն բանաստեղծի տաղանդն ու հանճարը բնորոշելու համար։ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Այո′, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ» … ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ


Թումանյանը մեր մշակույթի, մեր մտավոր խոյանքների, մեր սլացումների ու թռիչքների ամենաբարձր, ամենաերկնամերձ կատարն է։ ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ