Արատտա

Արատտա

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում: Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ: Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերները ստեղծեցին առաջին սեպագիրը: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը: Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին: Ի՞նչ են պատմում շումերական աղբյուրներն Արատտա երկրի, նրա տեղադրության, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ հարցերի մասին:

Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր: Արատտայից Շումեր գնում էին գետով: Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է: Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի հետ էր կապվում իմաստության և տիեզերական ջրերի աստված Հայ(ա)ի պաշտամունքը, որի որդի Հայկն Արատտայի հովանավոր աստվածն էր:

Արատտան եղել է աստվածապետական կարգերով երկիր: Դա պետական կառավարման այն ձևն է, որում և´ աշխարհիկ, և´ հոգևոր ողջ իշխանությանը տիրում էր հոգևոր դասը, որն էլ Աստծո անունից իրականացնում էր իշխանությունը: Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քուրմն էր: Երկրի ճակատագրին վերաբերող կարևոր հարցերի լուծման համար քրմապետ-արքան գումարում էր ավագների ժողով: Մեզ են հասել տեղեկություններ նաև Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին: Արատտացիները հացահատիկ և այլ երկրագործական ապրանքներ են ներմուծել և փոխարենը արտահանել մետաղներ ու թանկարժեք քարեր: Բացի դրանից, հարավ են ուղարկել նաև շինարարական հումք: Շումերում որպես քաշող ուժ և փոխադրամիջոց օգտագործվել են ավանակները, Արատտայում` ձիերը: Ձիերի կիրառումը տնտեսության մեջ և ռազմարվեստում բերեց աննախադեպ առաջընթացի: Շումերական բնագրերը տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և պարսպապատ մայրաքաղաքի մասին:


Դրանցից մեկի համաձայն` շումերական բանակը պաշարում է Արատտայի համանուն մայրաքաղաքը, սակայն մեկ տարի պաշարելով` չի կարողանում գրավել. …Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկն Արատտայում սեփական գրի գործածության փաստն է, ինչն ապացուցվում է նաև Հայկական լեռնաշխարհից հայտնաբերված Ք.ա. III հազարամյակի մեհենագիր հուշարձաններով, որոնք դեռևս վերծանված չեն: Ք.ա. XXVIII-XXVII դարերում Արատտայից Շումեր էին գնում ճարտարապետներ այնտեղ մեծ շինություններ կառուցելու նպատակով: Ք.ա. XXVI-XXV դարերով թվագրվող բնագրերում Միջագետքում բնակություն հաստատած սուբարեցիները հիշատակվում են որպես դպիրներ, դպրապետեր, հացթուխներ, հացթուխապետեր, դարբիններ, այգեպաններ և այլն: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արատտայի հիշատակության ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտում,որը հնագիտական գրականության մեջ ընդունված է կոչել Հայաստանի վաղբրոնզիդարյան մշակույթ: