Հոլովման տեսակները

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո, մորաքույր, ամառ, մեղու, տղա, մարդ, վարձ, ձու, ընկեր, ուսուցիչ:

2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ, ամուսին, տատ, ուռենի, ականջօղ, տղամարդ, թագուհի, պապ, ոսկի, քեռի:

3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի, ժամ, գագաթ, գիշեր, րոպե, ամիս, դար, օր, ցերեկ:

4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում, ձնաբուք, սառցալեռ, հուշասյուն, ամառ, բեռ, ազգանուն, նուռ, տեսանկյուն, գարուն:

5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր, տերտեր, տիկին, որդի, հարսնաքույր, լապտեր, դասընկեր, դուստր, տեր, կին:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն, շարժում, ձյուն, թոնրատուն, ձուկ, շուն, թերություն, կորյուն, արյուն, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր, հայր, տիրամայր, խաղընկեր, մորեղբայր, վանահայր, քույր, եղբայր, սկեսրայր, նախահայր:

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment