ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄԱՐԱԲԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՈՒՆԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ

Առաջադրանք 2

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ

Մեծ հրդեհ՝ փոքր կայծից
VIII դարի երկրորդ կեսից արաբական տիրապետությունը հայ ժողովրդի համար դառնում է անչափ ծանր։ Արաբական պաշտոնյաները հատկապես մեծ ապօրինություններ էին թույլ տալիս հարկահավաքության
ժամանակ։ Այդ պատճառով ժողովուրդը հետզհետե
ունեզրկվում էր և հայտնվում սոցիալ-տնտեսական անելանելի վիճակում։
Այս պայմաններում, երբ ամենուր կարելի էր ականատես լինել արաբ պաշտոնյաների կողմից Հայաստանի կողոպուտի, հայ երիտասարդ իշխաններից մեկը՝ Արտավազդ Մամիկոնյանը, որոշում է պատժիչ գործողություն իրականացնել արաբ հարկահանների նկատմամբ։ Նա իր ռազմաջոկատով 774 թ. ժամանում է Դվին և ոստիկանից սպառազինություն խնդրում իր զինվորների համար։ Երիտասարդ իշխանն իր խնդրանքը պատճառաբանում է այն պնդմամբ, թե ցանկանում է կռվել արաբների թշնամիների դեմ։ Ոստիկանը վստահում է նրան և զենք ու այլ սպառազինություն տրամադրում նրա զորաջոկատին։
Դվինից Արտավազդն իր զորաջոկատով շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։ Արաբները չեն
կարողանում դիմադրություն ցույց տալ, և Արտավազդը
նրանցից խլում է հավաքված հարկը։ Այս գործողությունից հետո նա հեռանում է հյուսիս՝ Վիրքի սահմանները։
Դվինի ոստիկանը, տեղեկանալով այդ մասին, անմիջապես զորաջոկատով շարժվում է Սամցխե գավառի կողմերը (ժամանակակից Ախալցխայի 
Այստեղ նրան հաջողվում է Արտավազդից ետ խլել
հարկի մեծ մասը, սակայն ըմբոստության առաջնորդին
և նրա զինակիցներին չի հաջողվում ձերբակալել։
Թվում է, թե Արտավազդի այս քայլը անարձագանք
պետք է անցներ և ոչ մի հետևանք չունենար, բայց կրկին
հիշենք, որ ժողովուրդը, չափազանց ծանր վիճակում
գտնվելով, անսահման դժգոհ էր անօրեն արաբ պաշտոնյաներից և առիթի էր սպասում արաբների դեմ իր զայրույթն արտահայտելու համար։ Արտավազդի արարքը լայն արձագանք է գտնում:Հայաստանի տարբեր շրջաններում։ Ստեղծված ծանր պայմաններում ժողովրդի մի ստվար մասը և իշխաններից շատերը միակ ելքը համարում էին արաբական տիրապետությունը տապալելը:
Քանի որ Արտավազդի դեմ կռիվներում զոհվել էին արաբ պաշտոնյաներ ու զինյալներ, արաբ զինյալների փոքր խմբեր շարժվում են դեպի Տարոն՝ Մամիկոնյանների կալվածքները։ Նրանք Մամիկոնյան տան իշխաններից Մուշեղ Մամիկոնյանից արյան վրեժ են պահանջում զոհված արաբների համար։ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, արագ հարձակումներով ոչնչացնում է Տարոն
ժամանած արաբական խմբերին և ամրանում Արտագերս անառիկ ամրոցում։ Բազմաթիվ հայ իշխաններ իրենց զորաջոկատներով աջակցություն են հայտնում Մուշեղ Մամիկոնյանին։ Մուշեղ Մամիկոնյանի զորաջոկատներին միանալու են շտապում բազմաթիվ խաղաղ բնակիչներ։
Այսպիսի իրադրությունում տեղի է ունենում հայ նախարարների ժողով, որում քննարկվում է ապստամբություն բարձրացնելու հարցը։ Այս գաղտնի ժողովում
որոշվում է ապստամբել արաբների իշխանության դեմ։ Ապստամբությանը միանում է նաև հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, և այս փաստն ավելի է ոգևորում ապստամբության մասնակիցներին։ Չնայած այս ոգևորությանը՝ ոչ բոլոր իշխաններն են միանում ապստամբությանը։ Օրինակ, Սմբատ Բագրատունու ազգական Աշոտ Բագրատունին, համարելով, որ
ապստամբների ուժերը, միևնույն է, բավարար չեն լինի արաբական զորքերին հաղթելու համար, հրաժարվում է միանալ ապստամբությանը։
Ավելին՝ նա նույնիսկ կոչ է անում դադարեցնել
ըմբոստությունները արաբական իշխանության դեմ՝ նշելով, որ արաբների դեմ պայքարում պարտվեց անգամ Բյուզանդիայի հզոր կայսրությունը:
Այսպիսի իրավիճակում 774 թ. սկսվում է հակաարաբական հերթական ապստամբությունը։ Արաբական զորագնդերը տարբեր կողմերից փորձում են
մոտենալ և պաշարել Արտագերս ամրոցը, սակայն հայ ապստամբ ուժերը, Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, անակնկալ հարձակումներով պարտության են մատնում արաբական ուժերին, այդ թվում՝ Դվինի
ոստիկանի զորագնդերին։ Ապստամբությունն ավելի է
ծավալվում, ապստամբների թիվն աճում է աշխարհազորայինների շնորհիվ։
Չնայած այս հանգամանքին՝ որոշ նախարարներ
փակվում են սեփական ամրոցներում՝ պահպանելով
չեզոքություն։ Վրա է հասնում 774 թ. ձմեռը։ Ապստամբները որոշում են ազատագրել Կարին քաղաքը։ Կարինի ազատագրումը կարևոր նշանակություն
կարող էր ունենալ ապտամբության համար, քանի որ
այն Բյուզանդիայի սահմանի վրա էր և կայսրության համար մեծ նշանակություն ուներ խալիֆայության դեմ պայքարում։
Ապստամբները կարողանում են պաշարել քաղաքը, ու թեև չի հաջողվում անմիջապես գրավել այն, սակայն խրամատներ փորելով պարիսպների շուրջը՝ սկսում են բաբաններով (քարանետ սայլ) վնասել քաղաքի
պատերը։ Ներսում գտնվող արաբական կայազորը ծանր վիճակում է հայտնվում, քանի որ որոշ ժամանակ անց սովի վտանգ է առաջանում։ Տեղեկանալով
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ խալիֆը վճռական քայլ է ձեռնարկում ապստամբներին հաղթելու և ապստամբությունը ճնշելու
համար։ Նա Հայաստան է ուղարկում 30 հազարանոց զորք, որը հաստատվում է Խլաթ քաղաքում և սկսում տեղեկություններ հավաքել ապստամբության ղեկավարների, զորքի քանակի և սպառազինության վերաբերյալ։
Իմանալով այսպիսի մեծ զորքի Հայաստան մտնելու մասին՝ Աշոտ Բագրատունին, որ ինքն էլ Խլաթում էր, նամակով տեղեկացնում է ապստամբներին արաբական մեծաթիվ զորքի մասին։ Նա առաջարկում է
թողնել Կարին քաղաքի պաշարումը և շարժվել դեպի
Խլաթ՝ միավորվելու իր և մյուս նախարարների զորքերին։ Ստանալով Աշոտի նամակը՝ ապստամբները, սակայն, չեն վստահում նրա անկեղծությանը և շարունակում են մնալ Կարինի մատույցներում։
Այդ ժամանակ ապստամբությանը միանում են նոր իշխաններ, որոնք իրենց զորաջոկատներով և աշխարհազորայինների ուժերով, շարժվում են ազատագրելու մեկ այլ քաղաք՝ Արճեշը։ Արճեշից եկած մարդիկ տեղեկացնում են ապստամբներին, որ քաղաքի մոտակայքում արաբական մեծաթիվ ուժեր կան։ Զորքին առաջնորդող իշխան Համազասպ Արծրունին, այնուամենայնիվ, հրամայում է շարունակել ընթանալ դեպի Արճեշ։ Արաբական զորքի առաջնորդը, տեղեկանալով Արճեշին մոտեցող հայկական ուժերի մասին, իր
զորքի մի մասին հրամայում է դարանակալել քաղաքի
մատույցներում։ Երբ հայկական ուժերը, տեղ հասնելով, սկսում են գրոհը քաղաքի վրա, դարանակալած արաբական զորաջոկատները հանկարծակի հարձակվում են հայկական ուժերի վրա և պարտության մատնում նրանց։ Ապստամբներից շատերը խեղդվում են Վանա լճի ջրերում։ Կարինը պաշարած ապստամբները, տեղեկանալով Արճեշի մոտ տեղի ունեցած դեպքերի մասին, որոշում են շարժվել արաբական զորքերին ընդառաջ և վճռական ճակատամարտ տալ։
Արաբական և հայկական ուժերը հանդիպում են Արածանի գետի ափին՝ Արձնի գյուղի մոտակայքում։ Հայկական 5000-անոց զորքը և աշխարհազորայինները միմյանց քաջալերում էին այսպիսի խոսքերով. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների
և մեր Աստծո փառաբանման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը…»։
Հայերի գրոհն այնքան հուժկու է եղել, որ արաբների զորքի շարքերում մի պահ խուճապ է սկսվել։ Ճակատամարտի սկզբում իրենց զինվորների շրջանում
առաջացած խուճապը արաբները կարողանում են հաղթահարել թվական գերակշռության շնորհիվ։ Նրանք հակահարձակման են անցնում, և ապստամբները ծանր
պարտություն են կրում այս խոշոր ճակատամարտում,
որը տեղի ունեցավ 775 թ. ապրիլի 25-ին։
Ճակատամարտում ընկան Մուշեղ Մամիկոնյանը,
սպարապետ Սմբատ Բագրատունին և շատ այլ իշխաններ։ Այս ապստամբությունն ավարտվեց անհաջողությամբ, սակայն հայ ժողովրդի պայքարն ընդդեմ արաբների և հանուն անկախության նոր լիցքեր ստացավ։
Ապստամբությանը հաջորդած մի քանի տարում
արաբական իշխանությունը որոշակիորեն թեթևացրեց հարկերը և սկսեց առավել մեղմ քաղաքականություն վարել Հայաստանում։
Անկախ պետականության վերականգնման ճանապարհին
Թվում է, թե VIII դարի ամբողջ ընթացքում մղված
հակաարաբական ապստամբություններում կրած պարտությունները հուսալքություն էին բերելու հայ ժողովրդի
շրջանում։ Սակայն այդ ապստամբությունները, անկախ
դրանց ելքից, մարտական ոգու բարձրացման և անկախության ձգտման առումով հաղթանակներ էին, քանի
որ նախապատրաստում էին հայ ժողովրդի՝ արաբական տիրապետությունից ազատագրումն ու անկախ
պետության վերականգնումը։ Միևնույն ժամանակ
սկսեց թուլանալ արաբական խալիֆայությունը։ Խալիֆայության թուլացման պատճառները տարբեր էին.
ապստամբություններ, գահակալական կռիվներ, անջատողական տրամադրություններ։ Սակայն թուլացած
արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ
Հայաստանի անկախացումը, և IX դարում նույնպես փորձում է ռազմական ճանապարհով հպատակեցնել հայ ժողովրդին։
Հաշվի նստելով հայ իշխանական տների հզորացման հետ՝ խալիֆը 804 թ. հայոց իշխան է ճանաչում Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ Աշոտ իշխանին, որը նաև հայտնի է Աշոտ Մսակեր անունով։ Նա իր եղբայր Շապուհին նշանակում է հայոց սպարապետ, իսկ իր նստավայրը դարձնում Բագարան բերդաքաղաքը:
Աշոտ Մսակերից հետո՝ 826 թ., Հայոց իշխան դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Աշոտ Մսակերի և Բագարատի օրոք զգալի նվազում է խալիֆայությանը տրվող հարկը: Աշոտ Մսակերի և Բագարատ Բագրատունու գործողությունները և խալիֆայությանը տրվող հարկի չափի նվազումը հնարավորություն են տալիս եզրակացնել, որ IX դարի սկզբում Հայաստանը գտնվում էր արտոնյալ կարգավիճակում։ Դրա պատճառներից էր նաև այլ իշխանական տների, մասնավորապես, Արծրունիների, Սյունիների և Արցախի
հայ իշխանական տոհմերի հզորացումը։
Հայ նախարարական տների հզորացումն անմիջապես դրականորեն անդրադարձավ նաև ամբողջ ժողովրդի վիճակի վրա։ Հարկահանությունը սկսեցին կատարել հայ իշխանները, և այդպիսով վերացան
արաբ պաշտոնյաների կամայականություններն ու
հարստահարությունները։ Հարկ է նշել, որ Բագարատ
Բագրատունին խալիֆի կողմից արժանացել էր իշխանաց իշխան տիտղոսին, ինչը նշանակում էր, որ նրա գերիշխանությունը պետք է ընդունեին նաև Աղվանքի և Վիրքի իշխանները։
Այսպիսի իրավիճակ էր հաստատվել Հայաստանում,
երբ 849 թ. խալիֆը Հայաստան է ուղարկում նոր ոստիկանի, որպեսզի որպեսզի վերջինս վերացնի հայ նախարարների
արտոնյալ վիճակը և անձամբ իրականացնի հարկահանությունը։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, խախտելով ընդունված կարգը, ընդառաջ չի գնում
նոր ոստիկանին և չի դիմավորում նրան սահմանի մոտ:
Դրանով, փաստորեն, ցույց է տալիս ինքնուրույնության
հասնելու իր ձգտումը: Ավելին, հայ իշխանների կողմից
արդեն իսկ հավաքված հարկը փոխանցելով արաբ
ոստիկանին՝ Բագարատը թույլ չի տալիս նրան իրականացնել խալիֆի հանձնարարությունը։
Տեսնելով հայ իշխանների համախմբվածությունը և
Բագարատի հզորությունը՝ արաբ ոստիկանը ձևացնում
է, թե իբր Հայաստան էր ժամանել արդեն հավաքված
հարկը տանելու համար։ Վերադառնալով խալիֆայության մայրաքաղաք՝ ոստիկանը Բագարատ Բագրատունուն և նրա մտերիմ իշխան Աշոտ Արծրունուն
ներկայացնում է որպես խալիֆայության թշնամիներ։ Զայրացած խալիֆը մեծ զորքով ետ է ուղարկում ոստիկանին՝ հրամայելով հնազանդեցնել հայ իշխաններին։
Հայաստան գալու ճանապարհին, սակայն, ոստիկանը
մահանում է, և խալիֆը զորքի հրամանատար է նշանակում մահացած ոստիկանի որդուն՝ Յուսուֆին։ Վերջինս, մտնելով Հայաստան, ասպատակում է Վասպուրականի մի շարք բնակավայրեր, ապա նամակ
հղում Աշոտ Արծրունուն՝ առաջարկելով հանդիպել
ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Սակայն
Աշոտ Արծրունին մերժում է հանդիպման առաջարկը,
և 850 թ. սկսվում հակաարաբական հերթական ապստամբությունը։
Չկարողանալով հանդիպել Աշոտ Արծրունու հետ՝
Յուսուֆն իր մոտ է հրավիրում Բագարատ իշխանաց
իշխանին՝ խոստանալով նրան հանձնել ոստիկանի
պաշտոնը։ Այդ պաշտոնը ինքը՝ Բագարատն էր պահանջել շնորհել իրեն։ Վստահելով Յուսուֆի խոստմանը՝
Բագարատը գալիս է հանդիպման, սակայն Յուսուֆը,
դրժելով տված խոստումը, ձերբակալում է նրան և
ուղարկում խալիֆայության մայրաքաղաք։
Բագարատին ձերբակալելուց հետո Յուսուֆն
ամրանում է Մուշում՝ որոշելով այնտեղ ձմեռելուց
հետո գարնանը վերսկսել հայ իշխանների հնազանդեցման գործողությունները։ Գերեվարված իշխանաց
իշխան Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը,
զինում են Խութի և Սասունի լեռնականներին, որոնք
հայտնի էին մեծ խիզախությամբ, և պատրաստվում
հարձակվել Յուսուֆի զորքի վրա։ Ապստամբ լեռնականների գլուխ է կանգնում Հովնան Խութեցին՝ կրկին
Բագրատունի տոհմից։
Ապստամբները անակնկալ հարձակմամբ ներխուժեցին Մուշ քաղաք և հաղթանակի հասան քաղաքի
արաբական կայազորի նկատմամբ։ Յուսուֆը փախչում
է՝ փորձելով ապաստան գտնել Բագարատ Բագրատունու կառուցած Սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթում։
Նրան նկատում է սասունցիներից մեկը և սպանում
աշտեով։
Այս իրադարձությունների լուրերը լայն տարածում
են ստացել ժողովրդի շրջանում, պատմվել և, ի վերջո,
արտացոլվել «Սասնա ծռեր» էպոսում։

Չհաշտվելով այս անհաջողությունների հետ՝
852 թ. խալիֆը հայերի դեմ է ուղարկում նոր բանակ՝
թյուրք վարձկան Բուղայի գլխավորությամբ: Սա աչքի
էր ընկնում իր բացառիկ դաժանությամբ: Հսկայական
զորքի գլուխն անցած՝ նա մտնում է Տարոն գավառ,
դաժանորեն հալածում է մի շարք բնակավայրերի
խաղաղ բնակիչներին: Այնուհետև անցնում է Վասպուրական և փորձում ավերածություններ գործել այստեղի
բնակավայրերում: Սակայն վասպուրականցիները
հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան
ամրոցում, իսկ Արյան լճի մոտ 852 թ. տեղի ունեցած
հերոսական ճակատամարտում մեծ հաղթանակ են
տանում:
Այս ճակատամարտում Գուրգեն Արծրունի իշխանը
900 ռազմիկով կռվում է Բուղայի 15000-անոց զորքի դեմ
և հերոսական հաղթանակ տանում: Բուղան անմիջապես չի հեռանում Հայաստանից և հաջորդ տարի շարժվում է դեպի Սյունիք, Արցախ
և Վիրք: Արցախում Քթիշ ամրոցի զորականները,
Եսայի իշխանի գլխավորությամբ, շուրջ մեկ տարի
դիմադրում են Բուղայի զորքին, որն ավելի քան
28 անգամ գրոհում է ամրոցի վրա: Տեսնելով, որ զենքի ուժով չի կարողանում գրավել ամրոցը՝ Բուղան
բանակցությունների է հրավիրում բերդի զորականների հրամանատար Եսայուն, ապա նրան բերդի այլ պաշտպանների հետ ուղարկում է խալիֆայության
մայրաքաղաք: Ազատության շունչն ու խանդավառությունը, սակայն,
ամենուր էին, և Վասպուրականում իրենց հաղթարշավն են շարունակում ապստամբական ուժերը, որոնց գլխավորում է Գուրգեն Արծրունին: Բուղան փորձում է պարտության մատնել Գուրգեն Արծրունու զորքերին,
սակայն կրկին պարտություն է կրում։ Այս ձախողումներից հետո՝ 855 թ., խալիֆը Բուղային՝ իր զորքով հանդերձ, հետ է կանչում:
850-855 թթ. ապստամբությունը լրջորեն թուլացրեց
արաբների դիրքերը Հայաստանում: Ապստամբությունն
իր տևողությամբ ամենաերկարն էր և չճնշվեց:
Հայոց իշխանական տներն ամրապնդեցին
իրենց դիրքերը և ներքին ինքնուրույնությունը: Այս ապստամբության շնորհիվ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի հետագայում Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվի հայոց պետականությունը: