Արյան պաշտպանական ռեակցիա: Իմունիտետ

Արյան պաշտպանական ռեակցիա: Մեր օրգանիզմը մշտապես գտնվում է արտաքին վնասակար ազդակների, այդ թվում` մանրէների, վիրուսների ազդեցության պայմաններում:

defensas.jpg

Պատմական զարգացման (էվոլյուցիա) ընթացքում օրգանիզմում առաջացել են մի շարք հարմարանքներ վնասակար ազդեցություններին դիմագրավելու համար: Այսպես` պաշտպանական դեր է կատարում մաշկը՝ պաշտպանելով նրա օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական վնասակար ազդակներից: Մեծ թվով հիվանդությունների հարուցիչներ չեն կարող առողջ մաշկով ու լորձաթաղանթով թափանցել օրգանիզմի ներքին միջավայր:

Ուշադրություն

Հիվանդաբեր մանրէների դեմ պաշտպանական դեր են կատարում նաև արյունը, հյուսվածքային հեղուկը և ավիշը:

Արդեն գիտեք, որ արյան սպիտակ գնդիկները՝ լեյկոցիտները, քայքայում, ոչնչացնում են օրգանիզմ թափանցած օտարածին նյութերը (ֆագոցիտոզ): Սակայն վնասակար մանրէների դեմ պայքարի գլխավոր միջոցը հակամարմիններն են, որոնք սպիտակուցային նյութեր են: Դրանք օրգանիզմում առաջանում են այն ժամանակ, երբ օրգանիզմ են թափանցում հիվանդաբեր մանրէներ: Հակամարմիններն իրենց ազդեցությամբ խիստ յուրովի են, այլ կերպ ասած` նրանք վնասազերծում են միայն այն օտարածին նյութերը, որոնք պատճառ են դարձել իրենց առաջացմանը: Այդ գործընթացն ընկած է իմունիտետի առաջացման հիմքում:

Իմունիտետ:

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ:

Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերում են բնական և արհեստական իմունիտետ:

Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր առանձնյակներին: Օրինակ` մարդիկ չեն հիվանդանում կենդանիների ժանտախտով:

Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Այսպես` մարդը փոքր հասակում կարմրուկով, ջրծաղիկով հիվանդանալուց հետո սովորաբար դրանցով այլևս չի հիվանդանում:

1.jpg

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են  մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստանյութը, որը կոչվում է վակցինա, հիվանդություն չի առաջացնում, բայց ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:

Նախազգուշական պատվաստումների մեթոդը մշակել է ֆրանսիացի մեծ գիտնական Լուի Պաստյորը: Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Բուժիչ շիճուկներ կարելի է ստանալ տվյալ հիվանդությունը կրած մարդկանց արյան պլազմայից: Այլ դեպքում կենդանիներին ներարկում են տվյալ վարակիչ հիվանդության թուլացած հարուցիչներ, ինչի հետևանքով կենդանու արյան մեջ առաջանում են հակամարմիններ: Այդպիսի կենդանիներից անջատում են արյան պլազման, ստանում են բուժիչ շիճուկ և ներարկում մարդկանց:

Այսպիսով` իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: Սակայն որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում (գրիպ) իմունիտետը լինում է կարճատև, իսկ անգինայից ընդհանրապես այն չի առաջանում:

2.png
Снимок1-w1024.png

Իմունային անբավարարություն: Օրգանիզմի իմունային համակարգի ճնշումը կամ նրա բացակայությունը կարող է առաջացնել ծանր, հաճախ մահացու ելքով իրավիճակ: Այդպիսի օրինակ է հանդիսանում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ), որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ):

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment