Վահան Տերյան

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։